Posted in Uncategorized

ՀՀ Գեղարքունիքի մարզը գտնվում է ՀՀ տարածքի արևելքում: Մարզը սահմանակից է ՀՀ Տավուշի / հյուսիսում/, Կոտայքի և Արարատի /արևմուտքում/ և Վայոց Ձորի մարզերին /հարավում/, ինչպես նաև Ադրբեջանին /արևելքում/: Մարզի ամենաերկար  ձգվածությունը  հյուսիս-արևմուտքից հարավ-արևելք կազմում է 115 կմ, արևմուտքից արևելք` 85 կմ:

Գեղարքունիքն  ամենախոշոր մարզն է ըստ  տարածքի և զբաղեցնում  է ՀՀ տարածքի 18%-ը: Մարզն  իր մեջ  ներառում  է 5 քաղաք` Գավառ, Ճամբարակ, Մարտունի, Սևան, Վարդենիս և 87 գյուղական  բնակավայրեր:   Բնակչության  խտությունը կազմում  է 44.5 մարդ/1ք.կմ: Մարզում բնակվում է 238.000.0 մարդ /01.01.2003թ./, որոնց  մեծ մասը` 158.400.0-ը /66.5%/ գյուղական  բնակավայրերում: Բնակչության  թվաքանակում  տղամարդիկ կազմում են 48.2%, կանայք` 51.8%-ը: Գեղարքունիքի մարզի կլիման  բնորոշվում է երկարատև  և խստաշունչ ձմեռներով, քանի որ  գտնվում է  ընդհանուր առմամբ ծովի  մակերևույթից 2000-3500 մ բարձրության վրա: Մարզի ամենաբարձր կետը` Աժդահակ լեռան գագաթն է 3598մ: Բարձր լեռներ են Սպիտակասարը 3555 մ, Վարդենիսը 3522 մ, Գեղասարը 3446մ: Ամենաերկար  գետերն են Արգիճին (51 կմ), Գավառագետը (47 կմ), և Մասրիկը (45 կմ), առկա  են նաև  խառնարանային լճեր` Աժդահակ և Արմաղան /մինչև 50 մ տրամագծով և 15 մ խորությամբ/:

Leave a comment